
Վարչապետը, հիշեցնենք, օրերս տված մամլո ասուլիսին նկատել էր, որ մինչև ճգնաժամը տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը լինելով, հենց շինարարության ոլորտն էլ ավելի ուշ նկատելի անկում էր արձանագրել և հանդիսացել ճգնաժամի էական պատճառներից մեկը:
«Շինարարության փուչիկը, որ փչվեց և պայթեց, առաջացրեց բացասական երևույթ»,- ասել էր վարչապետը՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:
Հարցին՝ վարչապետի անցած շաբաթավերջին տված ասուլիսի ժամանակ հնչե՞լ են արդյոք այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են իր ուշադրությունը, երկրորդ նախագահը արձագանքել է․-«Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին»:
Ապա Քոչարյանը թվարկել է հինգ տարիներին շինարարության ծավալների անընդմեջ և անշեղ անկման պատճառների երեք խումբ․
«1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո»:
«2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի «հիփոթեքից»: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին»:
«3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն»: