
Նորաձևության բլոգեր Մարիաննա Կաբաբյանը
«Այս տարի, ինչպես բոլոր տարիներին, նորաձևության համար հիմք է հանդիսանում այն, թե ինչ կենդանու նշանով տարի է լինելու: Ըստ այդմ էլ ընտրվում են գույները, որոնք էլ նորաձև են համարվում Նոր տարվա գիշերը կրելու համար։ Քանի որ այս տարի կապույտ ձիու տարի է լինելու, ըստ այդմ էլ նորաձև են կապույտ զգեստները։ Կապույտին միացել է նաև կանաչը, քանի որ նրա մուգ տեսակը միասին համադրելի է»,-ասել է նա և նշել, որ բացի հագուստից, ցանկալի է՝ այս գույները լինեն նաև տոնածառի, տոնական սեղանի վրա և այլն։
Մարիաննա Կաբաբյանը նշել է, թե այդ գույներով սակայն չպետք է սահմանափակվել և պետք է լրացնել ավելի վառ ու տոնական գույներով։ «Առաջին հերթին կապույտը և կանաչն են, բայց Ամանորի համար դասական է դարձել կարմիր զգեստի օգտագործումը, ինչպես նաև արծաթագույնը և ոսկեգույնը, քանի որ դրանք տոնական են: Արևմուտքում, նորաձևության առաջատար համարվող երկրներում ընդունված է այդ գույների զգեստեր կրել Նոր տարվա երեկոյին»,-ասել է նա՝ խորհուրդ տալով չվախենալ այդ օրը փայլուն կերպար ստեղծելուց։
«Քանի որ տոն է, այդ օրը առավել կարելի է արտահայտվել տոնական տեսակի մեջ՝ գունեղ, վառ»,-նշել է նա։ Ինչ վերաբերում է աքսեսուարներին, ոճաբանը խորհուրդ է տվել ընտրել խոշոր աքսեսուարներ՝ մատանիներ, ականջօղեր։