
Կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության և բատիկայի խմբակների սաներն ու մանկավարժները ստեղծագործելուն զուգահեռ, հնարավորություն ունեցան արժեքավոր ու նպատակային դասախոսություն և վարպետության դասեր առնել սիրված ու ճանաչված նկարչից։
Մասնակիցներն առավել ուժգին զգացին արվեստի և բնության հզոր ներգործությունը մարդու ներաշխարհի վրա, որը նպաստեց պատանի արվեստագետներին իրենց վրա կրել արվեստի անբացատրելի հոգեկերտիչ ուժը։
Յուղաներկն ու ջրաներկը մասնակիցների աչքի առաջ՝ ասես մոգական ուժով, Արմեն Լոռենցի ձեռքերով, կարճ ժամանակահատվածում թղթի վրա տեղափոխեցին պատմական տարածքի մի պատառիկը։
Սաները իրենց հուզող հարցերը փորձառու նկարչին ուղղելու հնարավորությունը բաց չթողեցին, որոնց պատասխաններն ստացան արվեստագետին հատուկ խորությամբ ու տարողությամբ։
«Տվեցի իմ փորձառությունը, խորհուրդները, փոխարենը ստացա մանկական անմիջականությունը, ինչի համար անչափ ուրախ եմ, այստեղից գնում եմ բնությամբ ու երեխաներով հարստացած, արվեստով լցված և հույսով, որ մեր հաջորդ հանդիպումը չի ուշանալու»,- ասաց նկարիչը, ով իր ավարտուն գործը՝ Վահրամաբերդի փոքր եկեղեցու պատկերը ընծայեց «Ընտանիք» կենտրոնին։