
«Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա ընդգծեց, որ Հայաստանում քրեական հեղինակությունների վրա այսօր ավելի, քան երբևէ հսկողությունը մեծ է։ Ոստիկանապետը միաժամանկ հերքեց տեղեկությունները, որ այս օրերին մեծ թվով քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան ու արձագանքելով քննադատություններին, թե այս իշխանությունների օրոք ևս քրեական հեղինակությունների ելումուտը երկիր ազատ է, հավելեց.
«Այսպես կոչված, գողերը, նախքան գող լինելը, մարդ են և օգտվում են Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավունքներից ու պարտականություններից։ Սակայն այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Երբևիցե, ձեզ ասում եմ պաշտոնապես, որ Հայաստանում կրիմինալը չի եղել հսկողության տակ այնպես, ինչպես այսօր է»։
Ոստիկանապետը հստակեցրեց, որ օրերս եղել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի (Հարությունյան) հարազատի հիշատակի արարողությունը և նրանք հարազատներով այցելել են նրա շիրիմին։ «Հարազատներով այցելել են գերեզմանատուն, այնուհետև գնացել են նշելու։ Ոստիկանությունը դրա մասին տեղյակ է, նախապես էլ է տեղյակ եղել։ Օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել։ Եվ դուք, և հասարակությունը վստահ եղեք, որ մենք տիրապետում ենք ամեն մի փոքր տեղաշարժի», -դիմելով լրագրողներին՝ հավելեց Օսիպյանը։