
Լուկաշենկոն նշել է, որ այդ հարցը քննարկվել է դեռևս Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, փոխանցում է БЕЛТА-ն:
Բելառուսցի առաջնորդը հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասնական լուծում գտնել այդ հարցի համար՝ գնալով փոխզիջումների: Ընդ որում, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:
«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացվել է 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱՊԿ հանդիպմանը)։ Սերժ, տուր այդ 5 շրջանը: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դատարկ են: Նա ասաց, եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասել է. «Ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», - շարունակել է պատմել Ա. Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Սերժ սարգսյանի այդ պահվածքն իրեն զարմացրել է:
«Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչո՞ւ եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ», - հավելել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարևորությունը, որը նաև կարևոր գործոն է օտարերկրյա ներդրումների համար:
Լուկաշենկոն առաջին անգամ պատմել է ևս մեկ չկայացած նախագծի մասին: Նրա ներկայացմամբ՝ խոսքն Ադրբեջանից Վրաստան ապրանքների խողովակաշարի մասին է, և Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ:
«Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը», - մեկնաբանել է նա:
Բելառուսական հանրապետության ղեկավարը նշել է, որ այն ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի նա խոսի Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարն անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար:
«Սակայն հայերը կրկին հրաժարվել են: Բայց ի վերջո ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու», - ասել է Բելառուսի նախագահը: