
Լուրեր են շրջանառվում, որ այս դեպքը կապ ունի առավոտյան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կիլոմետրում տեղի է ունեցած վթարի հետ:
Այս պահին հիվանդանոցում և դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գյումրու քննչական բաժնի քննիչները:
Դեպքի հանգամանքները ոստիկանությունը, քննչական վարչությունը պարզում է:
Ավագ քննիչը՝ ով անգամ չի ներկայացել, խոչընդոտել է մեր խմբի աշխատանքը՝ ոչ պարզ պատճառով:
Տուժածների ինքնությունը պարզվել է: Նրանք են՝ Ղազարյան Կնյազ Սմբատի, Ղազարյան Գագիկ Սմբատի, Ղազարյան Սմբատ Կնյազի, Հակոբյան Վլադիմիր Ալբերտի, Գևորգյան Համլետ Վարդգեսի և Ղուկասյան Գագիկ:
Վերջիններս հրազենային վնասվածքներով և դանակահարության հետքերով տեղափոխվել են "Գյումրի" ԲԿ՝ Տերյան փողոցի "Պեգաս" խանութի մոտից:
Համապատասխան բուժզննությունից հետո հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով Կնյազ Ղազարյանին, հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով՝ Գագիկ Ղազարյանին և բութ գործիքով հարվածի հետևանքով գանգուղեղային վնասվածքով Գագիկ Ղուկասյանին շտապբուժօգնության մեքենաներով տեղափոխել են Երևան: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին "Ազդարար" լրատվականին հայտնում է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Նա նաև նշում է, որ մյուս երեք տուժածների վիճակը համեմատաբար բավարար է և նրանք շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում:
Հավելենք նաև, որ տուժածներից երկուսի մոտ առկա են դանակահարության հետևանքով ստացված վերքեր ոտքի հատվածում:
ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանն "Ազդարար" լրատվականին տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների վիճաբանությունը տեղի է ունեցել երկու կողմերի միջև, որի մասնակիցները նաև 6 տուժողներն են: Կատարվում է բազմակողմանի ուսումնասիրություն տեղի ունեցածի մանրամասները պարզելու ուղղությամբ:
Րաֆֆի Ասլանյանը նաև նշում է, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կիլոմետրում տեղի ունեցածի և Գյումրիում կատարվածի միջև կապի մասին այս պահի դրությամբ որևէ բան հայտնի չէ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տուժող Գագիկ Ղուկասյանը "Թուրքի մայլա" կոչվող թաղամասից է: Նա հայտնի է "Կոկոլի Գագո" մականունով: Մեզ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ վիճաբանության մի կողմում եղել են "Բարակներ" կոչվող թաղամասի բնակիչները՝ Սմբատ Ղազարյանն ու նրա որդիները, մյուս կողմում՝ Գագիկ Ղուկասյանն ու վերջինիս կողմնակիցները: